Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ի լիագումար նիստում միաձայն հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
"Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Հայաստանի միակ ցամաքային կապն է Լեռնային Ղարաբաղի հետ։ Միևնույն ժամանակ դադարեցվել է գազամատակարարումը այդ շրջան, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և տարածաշրջանում լարվածության աճի։ Այդ իսկ պատճառով եւ Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համապատասխան, Պատգամավորների կոնգրեսը
- Մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին:
- Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանքներ են պատճառում բնակչությանը և կարող են հումանիտար ճգնաժամ ստեղծել։
- Կոչ է անում կողմերին լուծել և կարգավորել տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով:
- Կոչ է անում միջազգային կառույցներին կանխել տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը":